Մինչև վերջին լուման քերթելու եմ
Կորոնավիրուսի վարակը աշխարհի բոլոր տնտեսություններին կանգնեցրեց փաստի առաջ:
Աշխարհի զարգացած և զարգացող երկրները հիմա մտածում են կիրառել այնպիսի գործիքներ, որոնք քաղաքացուն կտան շանս ապրելու և իր մաշկի վրա հնարավորինս քիչ զգալու տնտեսության երկնիշ թվերով նվազման ազդեցությունը:
Երկնիշ թվով տնտեսության աճի նվազում սպասվում է նաև Հայաստանում. Ըստ շատ նախնական կանխատեսումների՝ մենք կունենանք մինչև 17-18 տոկոս ՀՆԱ-ի անկում: Դա նշանակում է, որ երկրում ավելանալու են աղքատները, կրճատվելու աշխատատեղեր, փակվելու բիզնեսներ:
Կարճ ասած՝ վատ ենք ապրելու: Եթե 10 օր անց կորոնավիրուսը Հայաստանից վերանա, միևնույնն է՝ դրա հասցրած տնտեսական ծանր հետևանքները տարիներ ենք զգալու, իսկ ինչ են անում սովորաբար խելացի պետության ղեկավարները, կառավարիչները, փորձում են ներդնել սոցիալապես անապահով խավերին, խոցելի հատվածին օժանդակող աջակցությության մեխանիզմներ, գործուն ծրագրեր, շատ ճիշտ թիրախավորված մարդկանց ու բիզնեսներին փող են տալիս, որ գոյատևեն, իսկ արդյոք կարող է գոյատևել այն մարդը կամ այն բիզնեսմենը, որը ստիպված է լինելու իր գույքի համար 8-10 անգամ թանկ վճարել:
Արտակարգ դրութունն իշխանությունն օգտագործում է բնակչությանը հուզող տարբեր օրենքներ Ազգային ժողովում անցկացնելու համար և եթե մեկուկես ամիս առաջ իշխանությունը սղացրեց Լանզարոտեի կոնվենցիան, հիմա անցկացնում է Հարկային օրենսգրքում մի այնպիսի փոփոխություն, որով գույքահարկը բարձրանում է մինչև 10 անգամ:
Եթե արտակարգ դրություն հայտարարված չլիներ, Երևանի կենտրոնում 1 սենյականոցում ապրող քաղաքացին դուրս կգար փողոց ու թույլ չէր տա իր տան գույքահարկը 10 անգամ թանկացնել, բայց քանի որ Նիկոլը որոշել է, որ հա պետք է ապրենք արտակագ դրության պայմաններում, քաղաքացու վզին փափաթվեց նրան քերթելու հերթական իշխանական մտահաղացումը:
Փաստորեն, ամբոջ աշխարհում կորոնավիրուսի պայմաններում պետությունը փող է տալիս քաղաքացուն, Հայաստանում հակառակն է՝ պետությունը մինչև վերջին լուման քերթում է հպարտ քաղաքացիներին ու նրանցից ստանում հպատակներ։
NewsPress.am