Մենք ՍԴ կդիմենք երկրորդ նախագահի քննությունից հետո. Մարուքյան
«Մենք ՍԴ կդիմենք երկրորդ նախագահի քննությունից հետո: Իրավական առումով ոչ մի տարբերություն չկա, թե մենք երբ դիմենք»:
Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե «Լուսավոր Հայաստանը» չի միանո՞ւմ ԲՀԿ-ին եւ չի ավելացնում պակասող երկու ստորագրությունները:
Էդմոն Մարուքյանը նկատեց, որ կա պնդում, որ այս ամենը առնչություն ունի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետ, որը նախատեսված է հուլիսի 7-ին. «Որպեսզի որեւէ ձեւով չմիջամտենք այս գործընթացին, այսինքն չընկալվի, որ մենք նույնպես փորձում ենք միջամտել այս գործընթացին… վեճի հետ կապված հարցերով Սահմանադրությունը տալիս է 3 ամիս ժամկետ, իսկ օրենքի հետ կապված ընդհանրապես ժամկետ չկա»,-ասաց Մարուքյանը:
Նա նշեց նաև, որ մեկ այլ հիմքը սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է: Վեճն այն է, թե արդյոք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմել Սահմանադրական դատարան, թե ոչ: Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը ՍԴ-ն է:
«Հիմա մենք դիմումի վրա կաշխատենք, կուժեղացնենք, եւ հենց որ երկրորդ նախագահի գործով նիստը տեղի կունենա եւ կավարտվի, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված մեր դիմումը: Մոտավորապես օրերի խնդիր է: ԼՀԿ-ն գործընթացը պահպանելու է միայն իրավական տիրույթում, եւ թույլ չենք տալու, որ կողմերից մեկն ի շահ իրեն ծառայեցնի այս գործընթացը: Ավելին, մենք ըստ էության, սկզբունքային պաշտպանության դերից ենք հանդես գալիս»,-ասաց Մարուքյանը: