Երևանում ծեծի են ենթարկել «Հեղափոխության պահապաններ»-ից մեկին․ դեպքի վայրում եղել է բիտա և մահակ
Հունիսի 21-ին, ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատվի կառավարման կենտոն ահազանգել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։ Այդ մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը։
Վերջինիս տեղեկություններով, նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Տիչինայի փողոցի թիվ 81 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Ստեփանյանի և անհայտ անձանց միջև, որի ժամանակ, ըստ Հ. Ստեփանյանի հայտարարության, այդ անձինք ձեռքերով և մահակներով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև իր վարած Toyօta Camry մակնիշի 65 GM 999 համարանիշի ավտոմեքենային։
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այդ ընթացքում իր հասցեին հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ։
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են վիճաբանության մասնակիցներից մի քանիսի ինքնությունը։ Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 30-ամյա Գոռ Բ-ն, 32-ամյա Աբգար Պ-ն, 31-ամյա Վահե Ն-ն և 33-ամյա Արտաշես Գ-ն։
Հ. Ստեփանյանը «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամն է։
Վիճաբանության մասնակիցներից մի քանիսը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, իսկ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ «բիտա», 1 հատ փայտե մահակ, որը հետաքննիչն առգրավել է։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասատվում։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։