Գյուղերում ապրող ծնողների նպաստը կավելանա, քաղաքաբնակներինը՝ ոչ. Բաթոյան
Առաջարկվում է գյուղական բնակավայրերում ծնողներին երեխայի խնամքի նպաստ տարամադրել՝ անկախ նրանց աշխատանք ունենալու, խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից: Այդ մասին կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` նշելով, որ օրենքի փոփոխությունը վերաբերում է միայն գյուղում բնակվող ծնողներին:
«Սա նշանակում է, որ եթե անձը հանդիսանում է վարձու աշխատող և բնակվում է գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ: Այս տարի երկու նպաստների չափը միասին կկազմի 53 000 դրամ՝ յուրաքանչյուրը՝ 26 500 դրամ»,- ասաց նախարարը:
Այս փոփոխությամբ գյուղում բնակվող ծնողները կստանան 26 500 դրամ, եթե չեն աշխատում, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի ավելի: Քաղաքաբնակների ի վրա այս օրենքը չի տարածվում։
Այս նպաստներից ծնողները կկարողանան օգտվել մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված են ու փաստացի բնակվում են գյուղում: