Արսեն Թորոսյանը կոչ է անում մոդայի հետևից չընկնել, կտորե դիմակներ չկրել
Հայաստանում բժշկական դիմակների գների իջեցում է կանխատեսվում: Այդ մասին կառավարության նիստում հայտնեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նրա խոսքով` այս պահին խոշոր դեղատնային ցանցերում տեղական բժշկական եռաշերտ դիմակները վաճառվում են 100 դրամով, ներմուծվածները՝ մինչև 150 դրամով: Ավտոմատ վաճառքի ապարատներում դրանց գինն ավելի ցածր է, ու ավելի կնվազի:
«Երկու տեղական արտադրող ընկերություններ էլ գինը նվազեցրել են: Այսօր նոր խմբաքանակը, որ ստանանք, արդեն 2 դիմակի գինը կլինի առավելագույնը 150 դրամ, այսինքն՝ 1 դիմակը՝ 75 դրամի շրջանակներում: Դրանք ստերիլ փաթեթավորված են ու հարմար են օգտագործման համար»,- ասաց Գևորգյանը` հավելելով, որ դեպքեր, երբ 20-30 դրամանոց դիմակը վաճառվել է 200 դրամով, չկան:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հիշեցրեց, որ դիմակ դնելը պարտադիր դարձնելու որոշումից հետո ՀՀ կառավարությունը թույլ տվեց ֆինանսական խնդիրներ ունեցող քաղաքացիներին դնել ինքնաշեն դիմակներ:
«Մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը: Մենք խնդրում ու կոչ ենք անում մեր քաղաքացիներին, այդ թվում՝ այստեղ ներկա, կտորե դիմակներ չկրել, եթե հնարավոր է` կրել սովորական բժշկական դիմակ, որը մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում: Կտորե դիմակ կրելը միայն պետք է ֆինանսական սեգմենտով պայմանավորված լինի և ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով»,- ասաց Թորոսյանը: