Մարդու իրավունքների անհամաչափ ոտնահարումը առօրեական բնույթ է ձեռք բերում․ Գոհար Մելոյան
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ի մոտ միայնակ ակցիա անող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ձերբակալմանը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Արտակարգ դրությունը 3-րդ անգամ երկարաձգելու կառավարության որոշմամբ պայմանավորված՝ Ռուբեն Մելիքյան Ազգային ժողովի դիմաց իրականացնում էր ՄԻԱՅՆԱԿ ակցիա՝ արտահայտելով իր քաղաքացիական անհամաձայնությունը, քանի որ այդ որոշման արդյունքում անհամաչափորեն սահմանափակվում է մարդկանց հավաքների ազատության հիմնարար իրավունքը։
Իրավական հանրույթի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր ևս փորձել էին արտահայտել իրենց մտահոգությունը՝ մարդու իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակմամբ պայմանավորված, Ռուբեն Մելիքյանի հետ միաժամանակ բերման ենթարկվեցին ՀՀ ոստիկանության կողմից։
Տեղի ունեցավ, ըստ էության, վարչական ձերբակալում, ինչի իրավաչափությունը հետագա անդրադառնալիք է։
Այնուհետև բերման ենթարկվեցին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ ի աջակցություն Ռուբեն Մելիքյանի հավաքված քաղաքացիները։
Կարելի է արձանագրել, որ մարդու իրավունքների անհամաչափ ոտնահարումը ձեռք է բերում առօրեական բնույթ»։