Մաքսանենգ սիգարետի այս խմբաքանակն արդեն սպառնում է Արցախին
Հայաստանից մաքսանենգ սիգարետի արտահանման մասին հերթական անգամ խոսեց Միքայել Մինասյանը: Նա ոչ միայն խոսում է, այլ հրապարակում մաքսավորների ձևակերպած ամբողջ փաստաթղթաշրջանառությունը:
Հայաստանի իրավապահ մարմինների կողմից այս ամենին չկա ոչ մի արձագանք, չկա հետաքննություն, չկա հարուցված քրեական գործ: Զարմանալիորեն լուռ է Ազգային անվտանգության ծառայությունը, դիմակավորված անձինք որևէ մեկին չեն կալանավորում և որ ամենակարևորն է, դա չի արվում տեսախցիկների առաջ: Այս համատարած լռության մեջ է, որ հարց է առաջանում, իսկ որն է լռության պատճառը: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների անուններ են շրջանառվում միլիոնների հասնող մաքսանենգության գործում, ու իրավապահ մարմինները պահում են ձկան լռություն:
Սա դեռ քիչ է, պարզվում է այսօր Հայտնվել ենք նաև միջպետական սկանդալում, պարզվում է Հայաստանը մաքսանենգ ճանապարհով հերթական սիգարետի խմբաքանակն է արտահանել Աբխազիա, բայց քանի որ Աբխազիան չճանաչված պետություն է, ապրանքի արտահանման երկիր նշել է Վրաստանը:
Կարճ ասած, Հայաստանը ճանաչել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը այն դեպում, երբ Աբխազիան ունի նախագահ, համարում է իրեն առանձին պետություն:
Սա նույնն է, որ Վրաստանն ապրանք արտահաներ Արցախի համար և որպես արտահանման երկիր նշեր մաքսային փաստաթղթում Ադրբեջանը և ճանաչեր Արցախը որպես Ադրբեջանի անքակտելի միավոր:
Հետևությունները թողնում ենք ձեզ, իսկ հետագայում այս խայտառակության հասցրած վնասների մասին կխոսեն դիվանագետները, երբ կբախվեն խնդիրների, բայց մինչ հետևություններ անելը արժե մտածել հիմա սա մեր պաշտոնյաների անգրագիտության, փնթիության, թե կառուցողական և կիրթ Ալիևի ջրաղացին ջուր լցնելու համար է արվել և ինչ հետևանք սա կունենա Արցախի համար:
NewsPress.am