Դերասան Սարգիս Գրիգորյանին բերման ենթարկեցին․ ակցիայի մասնակիցների հետ են Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը (տեսանյութ)
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ռեստորանների սեփականատերերը հանդիսավարներն ու աշխատակիցները։ Վերջիններս եկել են կառավարությունից աշխատելու թույլտվություն ստանալու:
Ակցիայի մասնակից դերասան Սարգիս Գրիգորյանը, ով նաև հանդիսավար է, տեղեկացրեց, որ ոլորտի սեփականատերերը և աշխատակիցները բաց նամակ են հրապարակել Ֆեյսբուքում, որին կառավարությունը չի արձագանքել:
Գրիգորյանը նկատեց, որ ոչ մեկը իրենց հետ չի քննարկում այդ խնդիրները և տրամաբանական չէ, երբ ոլորտների 80 տոկոսը բացված է, իսկ ռեստորանները չեն աշխատում:
Սոցիալական հեռավորությունը խախտելու համար Սարգիս Գրիգորյանին և ևս մեկ հանդիսավարի բերման ենթարկեցին։
Ակցիայի մասնակիցներ են մոտեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Գևորգ Գորգիսյանը։
Վերջինս փորձեց ճշտել, թե որ բաժանմունքում են գտնվում դերասանն ու մյուս հանդիսավարը, որպեսզի օգնի նրանց վերադառնալ։ Իսկ Անի Սամսոնյանն էլ ակցիայի մասնակիցների հետ պայմանավորվեց մի քանի հոգու ընդունել իր աշխատասենյակում, քննարկել խնդիրը, ձեւակերպել պահանջները եւ տեսնել, թե ինչպես կարող են հասնել դրանց կատարմանը: Նա հավաստիացրեց, որ բերման ենթարկվածներին ազատ են արձակելու, դրանով զբաղվում են: Անի Սամսոնյանն առաջարկեց հիմա առայժմ ակցիան դադարեցնել, քննարկել խնդիրը: