Մանկապարտեզները կբացվեն մայիսի 20-ից, ծնողների մուտքը բացառվելու է, երեխաներին էլ ընդունելու են հեռավար ջերմաչափում անելուց հետո. փոխքաղաքապետ (տեսանյութ)
Մանկապարտեզներում սնունդը նույն կերպ կկիրառվի, ինչպես եղել է նախկինում՝ որոշակի կանոնների խստացումով: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Նա տեղեկացրեց, որ մատակարարների հետ նոր աշխատանքային ձևաչափ ու կանոններ ենք մշակել, որոշակի սննդատեսակներում արել ենք փաթեթավորման փոփոխություններ՝ սնունդն ավելի անվտանգ դարձնելու համար։
Նախադպրոցական հիմնարկների աշխատանքն ապահովելու և համավարակից պաշտպանելու նպատակով արդեն իսկ պատվիրվել է 160 հազարից ավելի դիմակ և ամսվա համար մի քանի հազար լիտր ալկոգել։
«Սա մեզ համար փորձություն է, և պետք է խստագույնս պահպանենք դա: Այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, կվտանգեն երեխաների կյանքերը, նրանցից շատ արագ կազատվենք»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ խրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցները չեն գա աշխատանքի, բայց կվճարվեն 100 տոկոս աշխատավարձի չափով:
«Այն աշխատակիցները, որոնք չունեն հիվանդություն, ռիսկային գոտում չեն, բայց ուղղակի չեն ուզում գալ աշխատանքի՝ իրենց իսկ անվտանգության կանոներից դուրս գալով, չեն վճարվի հարյուր տոկոս, կվճարվեն հարկադիր պարապուրդով և այն աշխատակիցները, որոնք հավուր պատշաճի՝ հասկանալով պահի կարևորությունը, կգան աշխատանքի, իրենք բնականաբար կվճարվեն իրենց ամբողջ աշխատավարձի չափով, և կգտնենք տարբերակներ հավելյալ խրախուսումների համար»,- ասաց նա: