«Հարսանիք լեռներում». Շուշիի ազատագրման և հաղթանակի օր (լուսանկարներ)

Շուշիի ազատագրումը, որը հայտնի է նաև «Հարսանիք լեռներում» ռազմագործողություն, և Շուշիի գրավում անվանումներով, Արցախյան պատերազմի մաս կազմող ռազմական գործողություն է, որը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը: Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում և բնակավայրի մատույցներում և իրականացվել է հայկական զինված ուժերի, այդ թվում՝ կամավորական ջոկատների կողմից:
1920 թվականի մարտի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան, որն իրականացվեց Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։ Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված ջարդերի հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց, մյուսները տեղահան արվեցին։
Ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող Շուշիից Արցախյան պատերազմի սկզբում անընդհատ հրթիռակոծությունների էին ենթարկվում Ստեփանակերտ քաղաքն ու հարակից բնակավայրերը: Շուշին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։
Ռազմագործողության ընդհանուր հրամանատար է նշանակվում Արկադի Տեր-Թադևոսյանը, ով առավել հայտնի է Կոմանդոս անունով։ Ի սկզբանե նախատեսվում էր ռազմագործողությունը սկսել 1992 թվականի մայիսի 5–ին, սակայն այդ օրը տեղացած առատ ձյան պատճառով հայկական զինված ուժերի հրամանատարությունը այն հետաձգեց։
Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։ Հյուսիսային ուղղության հրամանատար նշանակվեց Վալերի Չիթչյանը, Շուշիի ուղղության հրամանատար՝ Արկադի Կարապետյանը, Հարավային (Բերձորի) ուղղության՝ Սամվել Բաբայանը, Ջանհասան–Քյոսալար ուղղության հրամանատար՝ Սեյրան Օհանյանը։
Շուրջ 300 զինվորից կազմված պահեստային ստորաբաժանման հրամանատար էր նշանակվել Յուրա Հովհաննիսյանը:
Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:
Մայիսի 8-ին թշնամին ընդամենը տարերային դիմադրություն է ցույց տվել: Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը: Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր. դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել: Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի «մաքրման» գործողությունը և մայիսի 9-ին ավարտվել հինավուրց հայկական բերդաքաղաքի ազատագրումը թշնամուց: