Էլեկտրոնային թղթապանակների փոխարեն առգրավել են համակարգիչը․ փաստաբանը՝ Խաչատրյանի բնակարանում կատարված խուզարկության մասին (տեսանյութ)
Ցավոք սրտի այս ամենը տեղի է ունենում Ucom ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունների, քննարկումների ֆոնի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Ucom ընկերության նոր տնօրեն Արամ Խաչատրյանի բնակարանում, մեքենայում կատարված խուզարկությանը։
Փաստաբանը հիմքեր ունի կասկածելու, որ խուզարկությունը կապված է ընկերության բաժնետերերի, մենեջմենթի վեճի հետ։
«Խուզարկություններ են կատարվել Ucom ընկերության նոր տնօրեն Արամ Խաչատրյանի բնակարանում, մեքնայում։ Խուզարկություն է արվել մեկ ուրիշ պետահամարանիշ ունեցող մեքենայում, էլեկտրոնային թղթապանակների փոխարեն առգրավել են համակարգիչը»,-նկատում է Օրբելյանը։
Նա նկատեց, որ նախաքննական գաղտնիության, ինչպես նաև դետալներին չտիրապետելու պատճառով առավել մանրամասներ չի կարող ասել, թե ինչի հետ է կապված քրեական գործը։
«Առաջին հայացքից մենք տեսնում ենք խնդիրներ, որոնք կապված են սեփականության վերաբաշխման, ձեռնարկությունների կյանքին ու կորպորատիվ վեճերին պետության միջամտության հետ։ Եթե չլիներ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը, կարելի էր այլ կերպ մտածել»,- ընդգծեց փաստաբանը։