Լույսն ու գազը անջատում են զբոսնելու հարցն են լուծում. կոտորվում էինք զբոսնելու ցանկությունից, շնորհակալություն պարոն վարչապետ. Բողոքի ակցիա (վիդեո)
Ես ձեզ ժամանակ եմ տալիս, որ հեռանաք, եթե ոչ արձանագրություն եմ կազմելու և ձեզ վարչական պատասխանատվության ենթարկեմ։ Սրանք այն ոստիկանի խոսքեր էին, ով կառավարության դիմաց իր ծառայությունն էր իրականացնում և սպառնում քաղաքացիներին: Վերջիններս եկել էին պարզելու, թե ինչու են հոսանքազրկվել, երբ կառավարությունը խոստացել էր, որ մինչև կարանտինի ավարտը ոչ ոք չի հոսանքազրկվի։ Նրանք նկատեցին, որ իրենք ընդգրկված չեն ներկայացված 14 ծրագրերից որևէ մեկում, մատնված են հարկադիր պարապուրդի և չեն կարողացել վճարել իրենց կոմունալ վճարները։
Բողոքի ակցիային մասնակցող քաղաքացին, ով ներկայացավ Անահիտ անունով, նկատեց, որ իրենք պահանջում են այն, ինչ իրենց խոստացել են.
«Մենք ոչինչ չենք խախտում, ունենք թերթիկ, պահպանում ենք սոցիալական տարածություն և եկել ենք հրատապ հարցով. Մենք պահանջ ունենք՝ մեր կոմունալները չմուծելու պատճառով լույսերը անջատել են։ Ու այդքանից հետո վարչապետը լայվ ա մտնում, ու ասում, որ զբոսանքի հետ կապված սահմանափակումները պետք է թեթևանան. շատ հրատապ հարց ա լուծվում, շատ։ Ուղղակի կոտորվում էինք զբոսնելու ցանկությունից, հիմա վարչապետը այդ հարցը լուծեց»,- ասաց Անահիտը։
Բողոքի ակցիայի մյուս մասնակիցները ճգնաժամային կառավարումը որակեցին որպես «անտաղանդ կառավարում»։
«Մենք համբերում ենք, բայց կարելի է, չէ՞ այդ համբերելու ընթացքում լույսն ու գազը չանջատել։ Դե ուրեմն թող արտակարգ դրությունը հանվեն ու մարդիկ դուրս գան աշխատեն»,-ասաց քաղաքացիներից մեկը, ով նկատեց, որ արտակարգ դրության ժամանակ չի կարելի անջատել գազն ու լույսը։
Նա նաև հիշեցրեց վարչապետի խոսքերը։ Վերջինս տեղեկացրել է, թե կա պահուստային ֆոնդ։ «Ասում ա կա պահուստային ֆոնդ, բայց մենք չգիտենք, թե վաղը մյուս օր, ինչ ա սպասվում մեզ։ Այսինքն սրանից վա՞տ ա լինելու։ Կամ ի՞նչ տրամաբանությամբ են հաշվել գազի և հոսանքի դիմաց փոխհատուցումների տոկոսները։ Էդ ովքե՞ր են էդ մասնագետները»:
Մանրամասները՝ տեսանյութում։