Դեզի մեջ ասեղ եք ման գալիս. Մարուքյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ)
Ձևավորված չափորոշիչները նման են դեզի մեջ ասեղ փնտրելուն, ինչի հետևանքով 1000֊ավոր ընտանիքներ դուրս են մնացել կառավարության 14 ծրագրերից։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Փաթեթ է բերվել խորհրդարան, որ մինչև տարեվերջ, որքան շարժ անեն, այլևս չեն գալու ԱԺ, խորհրդարանը սրա հետ համաձա՞յն է, թե՞ ոչ, սրա մասին է փաթեթը: Խորհրդարանը թո՞ւյլ է տալիս, որ կառավարությունը բյուջեի փաթեթի մեջ որքան ուզի, ոնց ուզի շարժեր կատարի և սովորական պայմաններում պետք է միշտ գա խորհրդարան, հիմա ասում է մինչև տարեվերջ չեմ գալու: Դուք առաջարկում եք խորհրդարանն ինքը իրեն զրկի կարծիք հայտնելու հնարավորությունից»,-պարզաբանեց պատգամավորը:
Իր հարցն ուղղելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին նա հետաքրքրվեց, նաև, թե կառավարությունը ՀՆԱ-ի քանի տոկոսի չափով է պատրաստ անվերադարձ կատարել ծախսեր՝ ժողովրդի սոցիալ-տնտեսական և տնտեսավարողների վիճակը բարելավելու իմաստով:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ իրենք բոլոր ջանքերը ներդնում են, որ աջակցությունը լինի հասցեական: «Այո՛, առաջարկվում է, որ որոշակի սահմանափակումներ, որոնք կիրառվում են բնականոն իրավիճակում, տվյալ դեպքում հանել, և փոխարենը կիրառել հետևյալ սահմանափակումը. դեֆիցիտի չափ սահմանել, որ կառավարությունը հնարավորություն ունենա պարտք ներգրավել»,-ասաց նա և նշեց, որ կարծում են, որ այս կարճաժամկետի համար ամբողջությամբ կիրառելի է առաջարկվող նախագիծը:
Էդմոն Մարուքյանը, գնահատելով կառավարության աջակցության ծրագրերի հասցեականությունը, ասաց, որ ձևավորված չափորոշիչները նման է դեզի մեջ ասեղ փնտրելուն, այսինքն՝ գրեթե անհնար է գտնել: «Այդ պրոցեդուրայի պատճառով հազարավոր կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել Ձեր կառավարության 14 ծրագրերից»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ քննարկվում է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը, ըստ որի՝ հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը, նախատեսվում է ունենալ 2 տոկոս անկում, ինչպես նաև համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: