Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին․ Ջասթին Թրյուդո
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին միանում է Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, ում մասին երբեք չպետք է մոռանալ։ Այս մասին Թրյուդոն գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին։ Այս հանդիսավոր օրը մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապահով զգալ իրեն խտրականությունից և հետապնդումներից՝ անկախ նրանից, թե ով է նա, որտեղից է և ինչին է հավատում», – գրել է Կանադայի վարչապետը:
Թրյուդոն հանդես է եկել նաև հայտարարությամբ, որտեղ ասել է, որ ապրիլի 24-ին իրենք հարգանքի տուրք են մատուցում նրանց, ովքեր անարդարացիորեն տուժել և զոհվել են այս ողբերգական ժամանակաշրջանում: