Որքան փնթի կարելի է լինել. մի ջերմաչափն ի՞նչ է, որ չունեք. Արիանա Հովսեփյան
Երեկ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն էր և դրան մասնակցելու համար Հայաստանից Արցախ էին մեկնել լրագրողներ, որոնց թվում էի նաև ես:
Չնայած պարետատունն ու Արսեն Թորոսյանն անընդհատ հայտարարում են, որ վարակը կանխող միջոցառումներին լավ տիրապետում են, բայց Հայաստանից Արցախ գնալու և վերադառնալու ընթացքում ես տեսա դրա բացակայությունը:
Ոստիկանական պահակակետեր կան Սևանում, Վարդենիսում, Արցախում, այդ պահակակետերում ես տեսա տասնյակ ոստիկանների, ռազմական ոստիկանների հոգնած և նվաղած, որոնք պարտաճանաչ կերպով կանգնեցնում էին բոլոր մեքենաները, ստուգում ուղևորների փաստաթղթերը և բոլորիս շնորհքով մաղթում բարի ճանապարհ:
Հիմա ոստիկաններին իրենց գերծանրաբեռնված աշխատանքը կատարելու համար ասեմ շնորհակալություն ու մի անմեղ հարց տամ նախարար Արսեն Թորոսյանին. էդ կորոնավիրուսը մենակ փաստաթուղթ ստուգելով բացահայտվո՞ւմ է:
Լավ, որքա՞ն փնթի կարելի է լինել, մի ջերմաչափն ինչ է, որ չեք տալիս բժշկին ու կանգնեցնում այդ պահակակետերում, որ որևէ մեկը առանց ջերմաչափվելու չտեղաշարժվի, լավ եթե դուք սա չեք անում, քանի գրոշի արժեք ունի ձեր արածն ու ձեր պարետատունը:
Որպես Արցախ մեկնած և վերադարձած ՀՀ քաղաքացի փաստում եմ ինձ որևէ մեկն այդ ողջ ճանապարհի ընթացքում չի ջերմաչափել:
Ուզում եմ հավատալ, որ գործ ունենք հերթական կիսատ-պռատ կայացված որոշման և ընդամենը տեսարան ապահովելու համար ոստիկաններին ճանապարհներին պահելու հետ, հակառակ պարագայում դաժան կլինի կարծել, որ ոչ ջերմաչափ ունեք, ոչ էլ անհրաժեշտ թվով բուժքույրեր:
NewsPress.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյան