Սեֆիլյանն ասում է, որ Փաշինյանը ստում է, խաբում ժողովրդին. ի՞նչ են պլանավորել Սասնա ծռերը
Սասնա Ծռեր զինված խմբի պարագլուխ և համանուն կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանն Արցախում մարտի 31-ին անցկացված ընտրությունները համարում է Հայաստանում նախկինների ժամանակ գործած մաֆիայի կրկնություն ու խոստանում կորոնավիրուսը հաղթահարելուց հետո վերադառնալ Արցախ ու արցախցիներին դա հասկացնել:
Սեֆիլյանն ասում է, որ թավշյա իշխանությունների ժամանակ Արցախը Հայաստանից շատ ավելի է հեռացել, քան նախկինների ժամանակ էր, որովհետև Փաշինյանը սխալը սխալի ետևից է անում, երևի նկատի ունի նաև այն, որ Փաշինյանն Արցախում տեղի ունեցած ընտրությունները համարեց ժողովրդավարական և արդար:
Արդեն տևական ժամանակ է, որ Սասնա ծռերն աղաղակում են, որ Արցախում ռեժիմ կա ու իրենք պետք է գնան ու այդ ռեժիմից Արցախն ազատեն, ինչը սակայն նրանց թույլ չեն տալիս արցախցիները:
Սեֆիլայնը պնդում է, որ Նիկոլը մաֆիան թողել է այնտեղ, չի ձերբազատվել, դրա համար էլ իրենք ձեռքները ծալած չեն նստելու, և դա փորձելու են թույլ չտալ:
Հիմա ժամանակավոր պաուզա են վերցրել համաճարակի վերացումից հետո Արցախի ռեժիմը վերացնելու համար: Սա արդեն մտածելու տեղիք պետք է տա Արցախի իշխանություններին, Ազգային անվտանգությանն ու ոստիկանությանը, որովհետև Հայաստանը տեսել է, թե ինչպես են Սասնա Ծռերը ռեժիմ վերացնում և Հայաստանի համար դա արժեցել է 3 ոստիկանի մահ:
Փաստորեն այս կուսակցությունը, որը նախկինում ահաբեկչական խմբավորում էր,դասեր չի քաղել և այն՝ ինչ կատարվել է Հայաստանում, փորձում է արտահանել Արցախ՝ առանց մտածելու, թե դա ինչ կարող է արժենալ Արցախի անվտանգության համար:
Կոչ ենք անում արցախյան ներկայիս և հաջորդ իշխանությունների աչալրջորեն հետևել Ժիրայր Սեֆիլյանին ու նրա թիմակցիների գործողություններին և համավարակի հաղթահարումից հետո հազարապատկել զգոնությունը, քանի որ ինչ-որ մի պահի Սեֆիլյանն ու իր թիմակիցները կարող են դուրս գալ վերահսկողությունից ու դառնալ անկառավարելի անգամ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հատկապես, որ այսօր արդեն դրա նշույլները երևում են:
Պատկերացնո՞ւմ եք, այն նույն Սեֆիլյանը, որը մի քանի ամիս առաջ հանդիպել էր Կառավարությունում Փաշինյանի հետ ու հետո խոստացել աջակցել իշխանությանը, այսօր ասում է, որ Փաշինյանը արցախյան ընտրությունների հարցում խաբում է, սուտ է ասում, իսկ սա արդեն վկայում է այն մասին, որ նրանք գտնվում են Նիկոլի վերահսկողությունից դուրս, ինչն ավելի է սրացնում վտանգը:
NewsPress.am