Քաղաքական դիակ Տեր-Պետրոսյա՞նն է ժողովրդին խորհուրդ տալիս. Արիանա Հովսեփյան
Արդեն վաղուց քաղաքական դիակ համարվող և Փաշինյանի կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորիս խորհուրդ է տալիս պատերազմական իրավիճակում համախմբվել իշխանության շուրջ՝ չքննադատել նրանց ապիկարությունը:
Հողեր հանձնելու կոչեր անող նախկին նախագահը, ում հասկացրին, որ եթե դա անի, իրեն կհանձնեն հողին, մեզ հիշեցնում է, որ պատերազմի մեջ ենք ու պետք է Նիկոլին բան չասենք:
Պատկերացնո՞ւմ եք, նա ասում է բան չասենք այն իշխանությանը, որը մարդկանց գույքը բռնագանձելու մասին օրենք է ընդունում, հավանաբար Նիկոլը հավաստիացրել է, որ տերպետրոսյանական տարիների թալանին չեն հասնելու, դրա համար էլ նախկին նախագահը դուխով էսպիսի կոչեր է անում:
Նիկոլի իշխանության տապալումից նա անհանգստացել է այնքան, որ բոլորիս կոչ է անում նաև հետևել միայն իշխանության տրամադրած տեղեկատվությանը. մի կողմ թողնենք այն, որ նախկին նախագահը իր այս ձևակերպումով հարվածում է խոսքի ազատությանը, որովհետև իմ իրավունքն է հետևել կամ չհետևել Հանրային հեռուստաընկերության լրահոսին, կամ ասենք պարետատան ֆեյսբուքյան էջին:
Սա առանձին խոսակցության թեմա է, որի մասին կխոսենք հետո: Հիմա ուզում եմ բոլորիս ուշադրությունը սևեռել պատերազմի մեջ գտնվող Հայաստանի մասին տերպետրոսյանական մտահոգությունների վրա: Պարզվում է՝ պատերազմի մեջ ենք, իշխանությանը չի կարելի քննադատել հիմա, բայց, երբ այդ նույն պատերազմի ժամանակ թուրքին ծնկի բերած գեներալներին ու Արցախյան ազատամարտի գեներալներին Նիկոլը տանում է բանտ, դա կարելի է:
Պարզվում է, որ Ալիևը կօգտվի առիթից, երբ Նիկոլին քննադատենք համաճարակի պահին, բայց չի օգտվի առիթից, երբ Նիկոլը հերոսներին է բանտում պահում՝ լուծելու համար միայն իր անձնական վրեժխնդրությունը:
Որևէ մեկդ կարո՞ղ եք ասել՝ որտեղ է թաքնված պատերազմով մեզ վախեցնելու և մեր բերանը լռեցնելու Լևոն Տեր-Պետրոսյանի քայլը:
Ինչո՞ւ նախկին նախագահը մի հոդված էլ չգրեց, երբ Նիկոլը դատարան էր հասցրել Արցախի երեք նախագահներին ու այլ գեներալների, ինչո՞ւ հայրաբար Նիկոլին չասաց, որ Ալիևը առիթից կօգտվի, մի' արա, սիրուն չի:
Այս ինչուների պատասխանները թող փնտրեն և գտնեն պողոսներն ու զոմբիները, մյուսներին պատասխանները պարզ են, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ եմ տալիս հաշտվել իր պարտվողականության հետ ու հուր հավիտյան լռել:
NewsPress.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյան