Դիմակներն օգնում են ձեռքը շուրթերին, քթին չմոտեցնելուն. Թորոսյանը` իրավիճակի մասին (տեսանյութ)
ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց վերջին օրերի վարակման դեպքերի դինամիկան և նշեց, որ տեմպը կոտրելու բոլորի ջանքերը պետք է կրկնապատկվեն, եռապատկվեն:
«Ունենք 146 թոքաբորբի դեպք, որից 35-ի վիճակը ծանր է, մեծ մասը թթվածնի կարիք ունի, 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկուցվածների թիվը 1500 է, իսկ հատուկ ցուցումով ինքնամեկուսացման մեջ են գտնվում 5000 անձ»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ վարակվածների մեծ մասը ջերմություն չունի:
Անդրադառնալով դիմակներին՝ նա ասաց, որ դրանք հատկապես անհրաժեշտ են հիմնականում բուժաշխատողների համար, կամ նրանց, որոնք վարակակիր են: Նախարարը նշեց, որ դիմակները օգնում են ձեռքը շուրթերին, քթին չմոտեցնելուն, և լվանալով ձեռքերը՝ մարդիկ կանխարգելում են վարակի տարածումը։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է խորհուրդ տալ կրել նաև տնային պայմաններում պատրաստված դիմակներ և կտորե դիմակներ՝ պայմանով, որ դրանք կթարմացվեն, կլվացվեն»,-ասաց նա: