Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, որի արդյունքները պատրաստ են եղել 15 րոպե հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կորոնավիրուսի առկայության ստուգման թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է եղել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Սպիտակ տան հրապարակած նամակում նշված է, որ Թրամփը հետազոտվել է նոր շտապ թեստով, որի արդյունքները պատրաստ են եղել 15 րոպե հետո: «Նա առողջ է, ախտանիշներ չկան»,- հաստատել է ԱՄՆ նախագահին բուժող բժիշկը:
Թրամփը մի փոքր ավելի ուշ Սպիտակ տանը կայացած երեկոյան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է թեստի արդյունքները: «Կարծում եմ, որ ինձ հետաքրքիր էր տեսնել, թե դա որքանով է արագ գործում»,- ասել է նախագահը՝ նկատի ունենալով կորոնավիրուսի ախտորոշման նոր շտապ թեստը: