Բախտի և պրոֆեսիոնալիզմի արանքում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետին զեկուցեց կորոնավիրուսով վարակակիրների խայտառակ ցուցանիշների մասին, որն այսօր նախորդ օրերի համեմատ 90 և ավելի էր ու կոչ արեց լրջանալու:
Հերիք չէ Թորոսյանը մի հուսադրող բան չասաց, մեկ էլ վարչապետը վրա հասավ, թե ժողովուրդը վիրուսի հասցրած վտանգը չի զգում, բայց պետք է զգա, թե չէ այսպես չի լինի:
Այստեղ կառավարության ղեկավարն իրավացի է, ժողովուրդը վտանգը չի զգում, քանի որ նրան երկու ամիս անընդմեջ իշխանությունն ու առողջապահության նախարարն ասել են, թե կորոնավիրուսը վտանգավոր բան չէ ու դրա դեմ հատուկ միջոցառումներ պետք չեն:
Ու հիմա, որպեսզի այդ ժողովուրդը հասկանա, որ գործ ունի մոլորակը պատած մահաբեր վիրուսի հետ, վարչապետն ու Արսեն Թորոսյանը նախ պետք է հրապարակավ ներողություն խնդրեն ժողովրդին հանուն հանրաքվեի մոլորեցնելու համար, որից հետո նոր կոչեր անելու բարոյական իրավունք ունենան:
Այստեղ հետաքրքիր տրանսֆորմացիայի է ենթարկվել նախարար Թորոսյանը, ում համոզմամբ վարակի տարածվածության մասշտաբների մեծությունը կայանում է ոչ թե նրանում, որ ինքն ու իր թիմն անպատրաստ ու անտեղյակ էին, այլ նրանում, որ մենք բախտ չունենք:
Պարզվում է, մեր հարևան Վրաստանը, որն ունի մեզ մի քանի անգամ գերազանցող ուղևորահոսք, ունի 110 վարակակիր, որովհետև բախտ ունի: Չգիտեմ, կա՞ աշխարհում մեկ համաճարակաբան, որը կարող է վարակի տարածումը կապել բախտի հետ և հասկանալ թորոսյանական մտքի գոհարները, սակայն այն, որ նախարարը կարիք ունի ինքնախոստովանության, որ պրոֆեսիոնալիզմի բացակայության հետևանքով երկիրն այս վիճակին է հասցրել, դա աներկբա է:
Այստեղ նախարարին պետք է կոչ անենք սեփական սխալները ժողովրդի վզին փաթաթելու ջայլամի քաղաքականությանը չտրվել ու Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերի մեջ փնտրել սեփական անգործությունը: Վերջում բոլորիս մաղթում եմ առողջություն, իսկ մեր պաշտոնյաներին պաշտոնից բխող պարտականությունների գիտակցում. դա իրենց հաստատ պետք է. Վրաստանի օրինակը ցույց տվեց, որ այս հարցում բախտը կապ չունի:
NewsPress.am