Կամ ֆեյքերիդ բերանը փակի՛ր, կամ ես կփակեմ ֆեյքերիդ բերանը. Արիանա Հովսեփյան
Ես մշտապես ենթարկվում եմ ֆեյքային գրոհների, ինձ վրա հարձակվում են մի պարզ բանի համար, ես այս իշխանության ամենասուր քննադատներից մեկն եմ:
Բայց որքանո՞վ է արդար մարդուն քննադատել խոսելու և իշխանության սխալները ասելու համար, և դա անել ոչ թե իրական մարդկանց միջոցով՝ այլ ֆեյքերի:
Որքանո՞վ է բարոյական մարդուն քննադատել ու դա անելու համար ֆեյքերին հրահանգել մարդու անձնական կյանք մտնել այն դեպքում, երբ հրահանգողն էլ, նրա կինն ու ընտանիքի մյուս անդամներն էլ ունեն անձնական կյանք: Չե՞ք մտածում, որ ես էլ կարող եմ տեղեկացված լինել նրանց անձնականից:
Հրահանգ տվողը գոնե մի վայրկյան մտածե՞լ է, որ եթե ինքը թաքնվում է ֆեյքերի ետևում, ապա ես ունեմ համարձակություն ուղիղ եթերով խոսել այն ամենի մասին՝ ինչ գիտեմ:
Ի տարբերություն ֆեյքերի ու նրանց հրահանգիչների, ես չեմ հատում բարոյականության նորմերը, թասիբ ու նամուս ունեմ: Բայց ո՞վ գիտի, եթե ֆեյքերին չհրահանգվի լռել, ես գուցե որոշեմ խոսել ու իմ ուղիղ եթերներում որոշ մարդկանց «կեղտոտ սպիտակեղենը» փռեմ բոլորի աչքի առաջ: Եվ հիշեք, ինչքան ձեր ֆեյքերը կպնեն իմ անձնականին, այդքան սպասեք համարժեք պատասխանի:
Այնպես որ, եթե չունեք խայտառակվելու ցանկություն, ինձ մի դրդեք թասիբն ու նամուսը դնեմ մի կողմ և ձեր հետ խոսեմ ձեր լեզվով:
Հատուկ տեղեկացնեմ, որ ո՛չ ԱԱԾ-ին, ո՛չ Ոստիկանությանն անիմաստ է այս ամենի մեջ խառնելը: Պետք է «գործ սարքեք» ու ինձ ձերբակալե՞ք, ես պատրաստ եմ:
Ես պատրաստ եմ նաև դիմել միջազգային ատյաններին՝ ֆեյքերով լրատվական կայքի հիմնադրի անձնական կյանք ներխուժելու միջոցով, լրատվական կայքին լռեցնելու փորձ անելու համար:
Չփորձե՛ք ինձ վախեցնել, այդ տարբերակն իմ դեպքում չի արդարացնի իրեն: Եվ վերջում, ես հպարտ ու վստահ եմ իմ ուժերին: Ես հաղթել եմ այս «պատերազմը»:
NewsPress.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյան