Պարտքով փող տվողի ու Գախարիայի տարբերությունը
Վրաստանը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանն այդ երկրից սովորելու շատ բան ունի: Փոխարեն ՀՀ վարչապետը համեմատվի Իտալիայի կամ Գերմանիայի հետ, կարող է այդ համեմատակաները տանել մեր հարևան Վրաստանի հետ ու համեմատվել այդ երկրի վարչապետի հետ:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ընդամենը 110 է, սակայն այդ երկրի վարչապետը հայտարարում է, որ մարտ, ապրլիլ, մայիս ամսվա կոմունալ վճարումները պետությունը վերցնում է իր վրա:
Իսկ ինչ ունենք մենք. մեր կառավարության ղեկավարը, մերժելով երկրում օրավարձով աշխատողների գոյությունը, հայտարարում է, որ վարկեր կտան բիզնեսմեններին, որ նրանք վճարեն իրենց կոմունալ վճարումները և աշխատողների աշխատավարձերը, իսկ ՀՀ հպարտ քաղաքացիներին անլույս և անգազ չմնալու համար անտոկոս վարկեր են նախատեսված, որը նույնն է, թե մարդուն պարտքով փող տաս. ստացվում է Վրաստանի վարչապետը փողը տալիս է անպարտք, մեր կառավարությունը՝ պարտքով:
Հենց այստեղ է, որ տեսանելի է դառնում բնակչության համար սոցիալական պատասխանատվություն կրող երկրի ղեկավարի և բնակչությանը սեփական պոպուլիստական նկրտումների համար օգտագործող ղեկավարի տարբերությունը, և սա այն դեպքում, երբ Վրաստանի վարչապետը կորոնավիրուսը երկրում թևածելու ժամանակ հանրահավաքի քարոզարշավ չի արել ու պատասխանատվություն չի կրում համավարակը երկրում տարածվելու ժամանակ անգործության մեջ մնալու համար:
Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածի ՀՀ քաղաքացին, որը կորոնավիրուսը հաղթահարելուց հետո կանգնելու է տնտեսական աղետի առաջ և պետք է դրան զուգահեռ պետության տված պարտքով փողը ետ վերադարձնի:
Newspress.am