Վրաստանի իշխանությունները կվճարեն բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ ծախսերը. Գեորգի Գախարիա
Վրաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ ծառայություններ վճարման գործընթացին: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան: Նա հայտնել է, որ նպատակային օգնություն կտրամադրվի նաև նրանց, ովքեր հարկադրված պարապուրդի են մատնված:
«Кавказский узел»-ի փոխանցմամբ, մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 31-ից Վրաստանում հայտարարվել է ընդհանուր կարանտին և պարետային ժամ:
Կառավարության ընդունած որոշման մեջ ասվում է, որ Վրաստանի բնակիչները ստիպված չեն լինի վճարել մարտին, ապրիլին և մայիսին տրամադրված կոմունալ ծառայությունների համար: «Մենք խոսում ենք էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրի սպառման և աղբի հավաքման վճարների մասին: Համաձայնեցված է, որ ամսական մինչև 200 կՎտ ժամ էլեկտրաէներգիա և մինչև 200 խորանարդ մետր գազ անվճար կլինի»,- գրում է լրատվամիջոցը՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը։
Աղբյուրի փոխանցմամբ, մարտի 31-ին Վրաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 100-ի, 4978 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 266 մարդ գտնվում է հիվանդանոցում` վերահսկողության տակ։