Նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումները. Ապրիլի վերջին, մայիսի սկզբին վերադարձ կլինի բնականոն կյանքին. Ավինյան
Մարտի կեսերից վիրուսի տարածումը մեծացել է և բոլոր նախատեսված գործողությունները իրական հենք ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով խստացված սահմանափակումները երկարաձգելու մասին:
«Եթե Կառավարությունը սահմանափակումներ չձեռնարկեր, ապա մարտի 1-ից հետո ՀՀ-ի 89 տոկոսը վարակված կլիներ, և միայն Երևանում մենք կունենային 8200 ծանր հոսպիտալացված դեպքեր»,- ասաց նա:
Ավինյանը նշեց, որ կանխարգելման գործողություններն արվում են այպես, որ վարակի տարածումը հնարավորինս իջնի: Նա չբացառեց, որ տասն օրից հետո հնարավոր է, որ մարտավարությունները փոխվեն, սահմանափակումներն ավելի խստացվելու և վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու, նաև ոստիկանական և այլ ուժերի ներառվելու առումով:
«Այս պահին մենք մեր գնահատականներով մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը. ավելացնվելու են վերահսկողության մեխանիզմները, կիրառելու են տարբեր տույժեր ու տուգանքներ»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ հաջորդ փուլը կարող է լինել ապրիլի 14-ից հետո, այնքան արդյունավետ գործիքներ կզարգացվեն, որ թույլ կտան արդյունավետ ձևով կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:
«Արդեն ապրիլի վերջին մայիսի սկզբին վերադարձ կլինի բնականոն կյանքին, եթե, իհարկե, բոլոր խնդիրներն իդեալական լուծվեն», -ասաց Ավինյանը: