Ինձ հաղորդագրություն էր եկել` ևս մի քանի օր, և գողություն կանեմ. չի կարելի այս կարևոր հարցերը թողած՝ թիթիռ նկարել. Զոհրաբյան (տեսանյութ)
Պարոն նախարար, հետ տարեք այս նախագիծը։ Արդարադատության նախարարին այս հորդորով դիմեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ԱԺ-ում համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Նրա գնահատմամբ՝ այս նախագիծը ոչ միայն հետընթաց է մեր ժողովրդավարության հարցում, այլև սա անիմաստ և աննպատակ գործ է։ Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ, մարդկանց տեղորոշելու համար ծախսվելիք հսկայական ռեսուրսները կարող են ավելի նպատակային խնդիրների համար ծախսվել։
«Այսօր իմ հեռախոսի վրա հաղորդագրություն է եկել՝ ևս մի քանի օր, և ես խանութից գողություն կանեմ։ Այ, էդ խնդիրները լուծեք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ինքը տեղորոշման հետ կապված խնդիրներ չունի, սակայն նախարարությունը սրանով հարց չի լուծում։
«Ասում եք՝ ով սմարթֆոն չունի՝ սմարթֆոն ենք տալու. հա՞, լո՞ւրջ եք ասում։ Հիմա քաղաքացիները կդիմեն ձեզ ու կասեն դե մեզ բոլորիս սմարթֆոն տվեք»,-ասաց պատգամավորը։
Նա նկատեց, որ շատ շփումներ լինում են այլ սոցցանցերի միջոցով. «Էդ ի՞նչ է, սաղ կնտրոլի տա՞կ եք վերցնելու»,- իր հարցն ուղղեց նախարարին Զոհրաբյանը։
Նա կրկին հորդորեց հետ տանել նախագիծը, քանի որ այն ավելի շատ խուճախի է մատնելու մարդկանց։
«Չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթիռ նկարել»:
Մանրամասները՝ տեսանյութում