Լավ գործը պետք է վարակիչ լինի․ երիտասարդ գործարարն իր 3-ամյա աղջնակի հետ օգնում է դիմակներով, դեղորայքով ու սնունդով (ֆոտո)

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո, գործարար Հովիկ Հունանյանն, իր ընտանիքի հետ միասին, սեփական նախաձեռնությամբ օժանդակում է հարկադրաբար պարապուրդում հայտնված ընտանիքներին, ինֆեկցիոն հիվանդանոցներին ու ոստիկանությանը։
«Հաշվի առնելով մասնավոր և պետական կառույցներում առաջացած հարկադիր պարապուրդը, ես և իմ ընտանիքը որոշում ենք կայացրել օգնել ՀՀ կարիքավոր քաղաքացիներին՝ սննդամթերքով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության ապրանքներով, մինչև արտակարգ դրության ավարտը»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Հունանյանը։
Ընտանիքը հասցրել է արդեն լինել մի շարք մարզերում և աջակցել մի քանի հարյուր ընտանիքի։ Վերջիններս պատահականության սկզբունքով չեն ընտրվում։ Հովիկ Հունանյանի խոսքով, ընտրվում են այն ընտանիքները, որոնց տան անդամներն այս օրերին հարկադրաբար պարապուրդի են մատնվել, այսինքն՝ չեն աշխատում զուտ հայտարարված արտակարգ դրության պատճառով։
«Հիմնականում թիրախավորել ենք օրավարձով աշխատող մարդկանց։ Լինում է, որ դիմում են մեզ, անմիջապես ճշտում ենք՝ այդ քաղաքացին իսկապե՞ս պարապուրդի է մատնվել արտակարգ դրության պատճառով, թե՞ մինչ այդ էլ աշխատանք չի ունեցել։ Մենք հենց այնպես մարդկանց չենք ընտրում։ Մենք քամում ենք, ընտրում հենց այն մարդկանց, ովքեր իսկապես տուժում են այս ամենից։ Օգնում ենք նաև միայնակ ծերերին»,-ասում է Հովիկ Հունանյանը։
Նա նշում է, որ բացի ընտանիքներին օժանդակելուց, ամենօրյա և 3 անգամյա ռեժիմով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են մատակարարում բուժանձնակազմին և բուժանձնակազմի ընտանիքներին։
«Հանդիպել եմ Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Մհեր Դավիդյանցի հետ և որոշել եմ անհատապես պարգևատրել բժիշկներին և բուժանձնակազմին, որոշել եմ նաև 1200 հատ դիմակ տրամադրել հիվանդանոցին։ Հոսպիտալը պետք է դիտարկենք իբրև առաջնագիծ և բոլորս մեր ուժերի ներածին չափով պետք է աջակցենք մեր առաջնագծում պայքարող բժիշկներին»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Հունանյանների ընտանիքը կազմակերպել է ընդհուպ մինչև իսկ չվերթ՝ դեպի Հայաստան։ Նա նկատեց, որ իրենց ուժերով են կազմակերպել այն մարդկանց ժամանումը հայրենիք, ովքեր օտարության մեջ, կրկին հարկադիր պարապուրդում հայտնվելով, անելանելի վիճակում են գտնվում։
«Մոտ 250 ՀՀ քաղաքցիներ կգան Հայաստան, քանի որ դրսում նրանք խնդիրների առաջ են կանգնել»,-ասում է Հունանյանն ու վստահեցնում, որ այս մարդկանց ժամանման հետ կապված խնդիրներն իրենց հսկողության տակ է լինելու։
Հարկ է նկատել, որ նախաձեռնության առաջին օրերին, որոշ այցելությունների ժամանակ Հունանյանը իր հետ տարել է նաև 3-ամյա դստերը։
«Թող տեսնի, ու սովորի, թե ինչպես կարելի է լավ գործեր անել»,-այս առիթով ասել է Հովիկ Հունանյանը, ում ցանկություն է իր բարեգործությամբ վարակել ոչ միայն փոքրիկ աղջնակին, այլ բոլոր գործարարներին ու այն մարդկանց, ովքեր կարող են օգնության ձեռք մեկնել իրենց հայրենակիցներին ու դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։
Ըստ Հովիկ Հունանյանի՝ լավ գործը պետք է վարակիչ լինի։

