Նիկո՛լ, քո ապագան կախված է օրավարձով աշխատողներից, որոնց վրա դու թքած ունես. Արիանա Հովսեփյան
Այն, որ վարչապետ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ կորցնում է իրականության զգացումն ու ՀՀ «երեք միլիոն վարչապետների» բարեկեցությունը չափում է միայն իր ընտանիքի մոդելով, փաստ է, բայց այն, որ Նիկոլը կարող էր կուրորեն չտեսնել այն իրականությունը, որի մեջ հայտնվել է մի ողջ ժողովուրդ, արդեն դառնում է զավեշտալի:
Պարզվում է աղքատությունն իր ու իր տնեցիների գլխում հաղթահարած Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ Հայաստանում կան օրավարձով աշխատողներ, ոչ միայն կան, այլ նաև զգալի թիվ են կազմում, հետևաբար, երբ երկրի առաջնորդն Ազգային ժողովից հայտարարում է, թե օրավարձով աշխատողներ չկան, նա թքած ունի իրեն ժամանակին ձեռք մեկնած ու ճանապարհներ փակելու համար իրենց օրվա հացի փողը կորցրած հազարավոր ՀՀ քաղաքացիների վրա:
Ինչ է ստացվում, երբ այդ օրավարձով աշխատող քաղաքացիները պետք էին ճանապարհ փակելու համար, նրանք կային, իսկ հիմա, երբ պետությունը պետք է հացի փող տա այդ քաղաքացիներին, նրանք չկան: Եթե Փաշինյանը նրանց չի տեսնում, ապա խորհուրդ ենք տալիս հաճախ այցելել ավտոկայաններ և տեսնել օրվա մի բուռ ընդմիջումը ձեռքներին քանի հազար մարդ է մարզերից գալիս Երևան օրական 4000 դրամ աշխատելու համար:
Պետք է բացել կուրացած աչքերն ու մտածել գոյությունը քարշ տվող, օրավարձով ապրողների մասին, որովհետև դա առաջին հերթին Նիկոլի պարտականությունն է. պետությունը սոցիալական պատասխանատվություն է կրում իր յուրաքանչյուր քաղաքացու համար:
Հասկանալի է, որ Նիկոլը նախընտրում է այդ հազարավոր քաղաքացիներին չնկատել, քանի որ չկա քաղաքացի, չկա նաև նրանց փող տալու անհրաժեշտություն:
Սա ՀՀ այլևս ոչ հպարտ քաղաքացու վրա թքելու հերթական տեսարանն էր, որն այսօր Ազգային ժողովում ցույց տվեց Փաշինյանը, երբ պատգամավորները նրա առջև ռեալ լուծում պահանջող լուրջ խնդիրներ դրեցին: Խնդիրներին լուծում առաջարկելը Փաշինյանի մոտ չստացվեց, քանի որ սա ոչ թե էժան շոու էր, որի վարպետն է վարչապետը, այլ՝ իրական խնդիրների հետ առերեսում:
Կմարսի՞ Նիլոլն իր հերթական խայտառակությունը, և արդյոք նրան վաղը կփրկի՞ ներողություն խնդրելը, կախված է այն քաղաքացիներից, որոնց վրա այսօր նա թքեց Ազգային ժողովից:
Հենց այդ քաղաքացիներն են, որ իրենց գոյության մասին պետք է իմաց տան վարչապետին նրան վերադարձնելով այն կյանքը, որն ուներ մինչ իշխանության ղեկին նստելը. այո՛ Փաշինյանի ապագան այսօր կախված է օրավարձով աշխատողներից և «պողոսներից»:
Եվ որպես հետգրություն, սեփական երկրում հազարավոր օրավարձով ապրողներին չտեսնող Նիկոլ Փաշինյանը կարող է օրինակ վերցնել «կիրթ Ալիևից» և նրա նման հրաժարվել իր մեկ տարվա աշխատավարձից, գուցե այդ ժամանակ դուխով կկարողանա տեսնել օրավարձով ընտանիք պահող մեր հայրենակիցներին:
NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյան