Արցախում չեղարկվում կամ անժամկետ հետաձգվում են զանգվածային մշակութային միջոցառումները

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը (ՄԵՀԶ) որոշել է մարտի 16-ից մեկ ամսով՝ չեղարկել կամ անժամկետ հետաձգել բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Արցախի Հանրապետության ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական միջոցառումները, կասեցնել գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը: Գերատեսչությունը շարունակում է հորդորել ՀԿ-ներին ու մասնավոր կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային միջոցառումների կազմակերպումից ու մասնակցությունից»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Արցախում չկա կորոնավիրուսի հաստատված դեպք: