Ճգնաժամային իրավիճակներում ամենավտանգավորը «իշխանական պոպուլիզմն» է. Եթե սրանից բարեհաջող դուրս գանք, մենք մեզ կարող ենք շնորհավորել. Կորյուն Շեկոյան

Այս կորոնավիրուսը կարգին սթրես-թեստի ենթարկեց մեր իշխանությանը, ժողովրդին ու ամբողջ պետական համակարգին: Եթե սրանից քիչ թե շատ բարեհաջող դուրս գանք, մենք մեզ կարող ենք շնորհավորել: Բայց ավելի կարևոր է, որ ներկա և ապագա իշխանությունները դասեր քաղեն այսօրվա իրավիճակից, դեպքերից ու զարգացումներից:
Իմ կարծիքով, այս կարգի ճգնաժամային իրավիճակներում ամենավտանգավորը «իշխանական պոպուլիզմն» է, որովհետև այն ուղղակի բթացնում է պատասխանատուների զգոնությունը, զարգացումները կանխատեսելու ունակությունները: Այդպիսի մոտեցում մենք տեսանք փետրվարին և հատկապես մարտի սկիզբներին, կապված հանրաքվեի հետ:
Լավ է, շուտ սթափվեցինք։
Շատերս հասկանում ենք, որ ներկա իշխանությունը չուներ և չէր էլ կարող ունենալ ճգնաժամային կառավարման որևէ նշանակալի փորձ և վերջին շաբաթների կարևորագույն որոշումների կայացման ամբողջ պրոցեսը դիտարկելիս տեսնում ենք մեր հիմնական երկու բացթողումները՝ ճգնաժամին արագ, անմիջապես, օպերատիվ արձագանքելու բացակայությունը և ճգնաժամային պայմաններում հասարակական կարգապահության թույլ պահանջներն ու վերահսկման մեխանիզմների բացակայությունը:
Ինչևիցե, կարծում եմ, որ այսօր արդեն ունենք բավականին լավ աշխատող պաշտպանական համակարգ, որը և՛ կատարում է իրավիճակի վերլուծություն/կանխատեսումներ, և՛ կատարում է կարանտինային ու բժշկա-սանիտարական բոլոր գործառույթները:
Հիմա գնդակը մեր դաշտում է: Մեր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ: Պիտի բոլորս հասկանանք, որ մեզ համար կա վիրուսով վարակվածների ու հիվանդների մի կրիտիկական քանակ, որն անցնելու դեպքում մեր բժշկական համակարգի մարդկային և տեխնիկական ռեսուրսները ուղղակի չեն հերիքի, մենք կոլլապսի կենթարկվենք ու կկանգնենք նույն բարդագույն խնդիրների առաջ, ինչպես հիմա Իտալիայում է, Իսպանիայում, Ֆրանսիայում...
Մենք մեր մեծամասնությամբ արդեն վստահել ենք այսօրվա իշխանությանը, ուրեմն բերեք ապացուցենք, որ իշխանությունն էլ իզուր չի վստահում մեզ, իր քաղաքացիներին: