ԵՊՀ-ի ուսանողները դիմում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին
ԵՊՀ 4-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները մտահոգված են ավարտական աշխատանքների հանձնման ժամկետներով: Նրանց համոզմամբ` պահանջվող մասնագիտական գրականության դեֆիցիտը կարող է հանգեցնել աշխատանքների թերի կատարմանը. գրադարանները փակ են, իսկ առցանց հարթակները չունեն անհրաժեշտ գրականությունը:
Բացի այդ՝ որոշ ֆակուլտետներ, մասնագիտական առանձնահատկություններից ելնելով, պահանջում են պրակտիկ գործունեություն, ինչը կազմակերպելը անհնարին է նման կարանտինային պայմաններում: Այդ առումով խաթարվում է ոչ միայն ավարտական աշխատանքը պատշաճ ներկայացնելու գործընթացը, այլև քննություններին պատրաստվելը, քանի որ վերջինս նույնպես պահանջում է համապատասխան գրականություն:
Ուսանողները դիմում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ հույսով, որ ավարտական աշխատանքների և քննությունների հանձնման ժամկետները կհետաձգվեն։