Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտողը կարող է ազատազրկվել մինչեւ 5 տարի ժամկետով. ԱԺ-ում նոր նախագիծ է քննարկվում
ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. քննարկման է դրվել Քրեական օրենսգրքի ու Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Այն ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։ Վերջինս նշեց, որ ոչ բոլոր քաղաքացիներն են հոժարակամ մեկուսացվում կամ ինքնամեկուսացվում, և այս լրացումներով ապահովվելու է արտակարգ դրության ռեժիմի սահմանված կարգը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է նոր մաս. ««Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով», ինչպես նաեւ լրացնել 11-րդ մաս, հետեւյալ բովանդակությամբ. «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտել, որն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով»։
Քրեական օրենսգիրքը լրացվում է 277.1 հոդվածով. «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»»,-ասաց փոխնախարարը։