Գլուխն եմ կտրելու այն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու. Մարության (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մշտական շահող ընկերությունների խնդրին: 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ նա նկատեց, որ շատ ընկերություններ, որոնք սկսեցին անհիմն ցածր գներ տալ, սկսեցին շահել այդ մրցույթները` հետագայում չկարողացան տակից դուրս գալ:
«Այո, մենք տվեցինք տույժ–տուգանքը, սև ցուցակը, ամբողջն արեցինք, բայց ի վերջո ունեցանք չկատարված աշխատանք»,– ասաց Մարությանը։
Նրա խոսքով՝ նորմալ է, որ քաղաքապետարանում անցած մեկ տարում եղել են խնդիրներ. այն ինչ արվել է 2018–2019 թվականներին, պետք է արվեր 20 տարի առաջ:
Ամեն դեպքում Մարությանը երաշխավորում է, որ քանի դեռ քաղաքապետ է՝ ամեն ինչ անելու է, որ լավ լինի։
«Համակարգային փոփոխություններն արվելու են՝ թափանցիկ, արդար, առանց կոռուպցիայի: Գլուխն եմ կտրելու այն մարդու, որը կոռուպցիայով է զբաղվելու։ ժողովուրդը վստահել է մեզ և եթե մեկն իր մտքով կարող է պատկերացնել, որ կարող է դավաճանել ժողովրդին, ամենակոպիտ պատասխանն է ստանալու բոլորի կողմից, ժողովրդի կողմից, որպես քաղաքապետարանի ղեկավար՝ իմ կողմից»։