Դատարանը վարույթ չի ընդունել Շուշան Փաշինյանի հայցադիմումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստեր՝ Շուշան Փաշինյանի առաջին հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։ Այս մասին տեղեկությունը Նարեկ Սամսոնյանը հաստատել է News.am-ի հետ զրույցում։
Նա հայտնել է, որ դատարանը գտել է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածի դրույթները, ինչը հիմք է առաջին հայցադիմումը վերադարձնելու համար։
Մարտի 13-ին, երկրորդ անգամ դատական հայց է ներկայացվել, որով գործը կրկին մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին: Դատական հայցի պատճառը՝ Նարեկ Սամսոնյանի կողմից, հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում կատարված գրառումն է: Նա գրել էր, թե վարչապետի միջնեկ աղջիկը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սև իկրա է ուտում: