Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն, Հայաստանը բոլորիս սրբությունն է. Շարմազանով
Հարգելի հայրենակիցներ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունն անցնում է արտակարգ դրության։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այս պայմաններում անհրաժեշտ է,որ բոլորս խստորեն պահպանենք համազգային հսմերաշխություն ու կարգապահություն՝ չմատնվելով խուճապի։
Սա հերթական փորձությունն է մեր հասարակության համար, որը համոզված եմ,մենք հաղթահարելու ենք։
Վերջին օրերի ընթացքում նաև մեր կողմնակիցների կողմից հնչել է օբյեկտիվ քննադատություն կառավարության բացթողումների կամ դանդաղկոտության վերաբերյալ։
Բայց այսօր մենք պետք է զերծ մնանք նման գնահատականներից։
Շատ ավելի կարևոր է միասնություն պահպանելն ու բոլոր կարող ու արհեստավարժ մասնագետների համախմբումն այս համաճարակը հաղթահարելու ուղղությամբ։
Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն։
Հայաստանը բոլորիս տունն է ու սրբությունը, իսկ հայրենիքի քաղաքացիները՝ Հայկի զավակները։
«Սա էլ կանցնի»
Սողոմոն Իմաստուն»,- գրել է Շարմազանովը։