Մահափորձ Արմավիրի մարզում. կրակել են Ռուսաստանում հայտնի գործարարի վրա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 5-ին, հրազենի գործադրմամբ մահափորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 02:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է կայքը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 36-ամյա Հարություն Հարությունյանն է, ով ըստ բժիշկների՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու: Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:10-ի սահմաններում անհայտ անձը Աղավնատուն գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի 30 տան դիմաց ինքնաձիգից կրակոցներ է արձակել Հ. Հարությունյանի ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանը եղել է Jeep մակնիշի T 790 MB 777 RUS համարանիշի ավտոմեքենայով, որի վրա առկա են եղել կրակոցի մի քանի հետքեր:
Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են ավտոմատից արձակված մեծ քանակությամբ պարկուճներ: Հիվանդանոց տեղափոխված Հ. Հարությունյանը վերջերս է վերադարձել Հայաստան և նա Ռուսաստանում հայտնի գործարար է: