Եթե պետք ա, ես կկանգնացնեմ շենքերի շինարարությունը, ես խնդիր չունեմ. Ծառուկյան
Բոլոր հողատարածքների տերերի հետ պայմանավորվածություն եղել է, և ինքը 4-ի փոխարեն արդեն 20 շենք է կառուցել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի դեմ հարուցված դատական գործին։ Նա նշեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և դեմ չէ, որ իրավապահները գործերը քննում են:
«Քանի որ եղել էր հեղափոխություն, պետք է քայլեր արվեին, որ մարդիկ ներգաղթի ժամանակ բնակվելու տեղ ունենային։ Ես ինքս առաջին քայլն արել եմ, որ պայմաններ լինեն։ Հիմա պրոբլեմներ են սարքում, մեղքը իրենց վիզը։ Ես որպես մարդ իմ խոսքի տեր եմ եղել։ Այսօր ողջ պետությունը չի կարողացել 6 ամսվա մեջ 20 բարձրահարկ շենք կառուցել։ Ես սարքել եմ, գներն էլ ասել եմ։ Հիմա պիտի ասեն ապօրինի են էդ շինությունները, քանի որ 20 սմ դուրս են եկել։ Եթե պետք ա, ես կկանգնացնեմ շինարարությունը, ես այդպիսի խնդիր չունեմ»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ ընթանում է քննություն, մեղավորները պատժվում են, անմեղներն էլ՝ արդարացվում։
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգարվվել Քրեական օրենսգրքի 315.2 հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք։