Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Այսօր՝ կեսօրին, մահացել է հուշարձանագետ, պատմաբան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը։ Նա 59 տարեկան էր։
Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։
1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։
Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։
Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն: Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։