Դեպք կա՞, որ մարդ կարող է կորոնավիրուսով վարակվի, թեյ խմի, սուրճ խմի, օղի խմի, հաջորդ օրը վեր կենա գնա իր գործին. Փաշինյան (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 27-ին, մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ ունենք կորոնավիրուսից պաշտպանվելու բնագավառում՝ կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխարգելելու իմաստով, նաև՝ ինչպիսին է իրադրությունը մեր տարածաշրջանում:
Թորոսյանը ներկայացրեց վիճակագրությունը՝ երեկվա դրությամբ 37 երկրում արձանագրվել են կորոնավիրուսով վարակվածության դեպքեր, ընդհանուր՝ 81109 հաստատված դեպք, որից 78191-ը՝ Չինաստանում, որից 2718-ը՝ մահվան ելքով:
Փաշինյանը հետաքրքրվեց նաև՝ ստացվում է, որ մնացած մասը բուժվո՞ւմ են, կազդուրվո՞ւմ են, Թորոսյանը դրական պատասխան տվեց՝ մեծ մասը բուժվում կազդուրվում են և դրանց մեծ մասն էլ՝ ինքնուրույն, այսինքն՝ բժշկական օգնության կարիք չկա:
«Խոսքն այն մասին է, որ, ասենք, որևէ շնչառական սիմպտոմ մենք նկատենք, օրինակ՝ հազ, փռշտոց և այս տեստը դնենք, հնարավոր է, որ հայտնաբերվի, օրինակ, սովորական սեզոնային գրիպ կամ կորոնավիրուսով վարակվածություն և այդ թիվն ավելանում է նաև դրա շնորհիվ: Խոսքը, իհարկե, Հայաստանի մասին չէ, որովհետև դեռևս որևէ հաստատված դեպք չունենք: Ծանր դեպքերը մոտավորապես 5 տոկոսի շրջանակներում են, որոնք բժշկական օգնություն են պահանջում»:
Վարչապետն էլ ի պատասխան կատակեց. այսինքն՝ դեպք կա՞, որ մարդ կարող է կորոնավիրուսով վարակվի, թեյ խմի, սուրճ խմի, օղի խմի, հաջորդ օրը վեր կենա գնա իր գործին:
Մանրամասները՝ տեսանյութում