«Ես ուզում եմ կուկլա». «Պարգևիր ժպիտ»-ը Շուշիում էր (տեսանյութ)

NEWSPRESS.am-ը պարբերաբար կանդրադառնա «Պարգևիր Ժպիտ» բարեգործական հիմնադրամի առաքելություններին ու կներկայացնի այն ծրագրերը, որոնք իրականացնում է Հիմնադրամը:
Այս անգամ ներկայացնում ենք Շուշիում բնակվող Պետրոսյանների ընտանիքին կատարած այցելությունը: Այս ընտանիքում կա 6 երեխա՝ 11-ամյա Լիլյան, 9-ամյա Սվետլանան, 7-ամյա Արևիկը, 5-ամյա Ռոզան, 3-ամյա Մարատը, 2-ամյա Վլադիմիրը: Նրանց հետ ջերմ ու անմիջական շփման ընթացքում հիմնադրամի անդամները ծանոթացան ընտանիքի խնդիրներին ավելի մոտիկից և խոստացան առաջիկայում ևս աջակցել նրանց:
Աղջիկներից մեկն էլ, հյուրերի ջերմ շփումից ու նրանց վերաբերմունքից ոգևորվելով ու մի քիչ ամաչելով` ասաց իր ցանկության մասին.
«Ինձ համար կուկլա եմ ուզում»,- ասաց աղջնակը:
Հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմենուհի-Արիանա Հովսեփյանն էլ խոստացավ անպայման նրա համար տիկնիկ ուղարկել:
Հարկ է նկատել, որ ընտանիքն սպասում է ևս մեկ անդամի՝ Նարինեին, ում համար հիմնադրամը ևս նվերներ էր տարել: Ի դեպ, դեռ չծնված բալիկի համար անունն ընտրել են նրա ծնողները՝ ի պատիվ ընտանիքի կողքին մշտապես գտնվող ու ընտանիքին տարբեր հարցերով սատարող, Շուշիի դպրոցի ուսուցչուհի Նարինե Գրիգորյանի: Հիմնադրամը հենց նրա միջոցով էր իմացել ընտանիքի մասին ու այցելել նրանց:
Ի դեպ, հիմնադրամի կողքին կանգնած են նաև բարերարներ, ովքեր իրենց ցանկությունն են հայտնել լինել անապահով բազմազավակ ընտանիքների կողքին: Առաջին ներդրումը կատարել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, որին էլ Հիմնադրամը հայտնում է իր խորին շնորհակալությունը:
Մանրամասները՝ տեսանյութում