Աստծո կամոք կաշխատենք՝ հանուն մեր ժողովրդի. Շուշիի քաղաքապետը հյուրընկալեց «Պարգևիր ժպիտ» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներին

«Պարգևիր ժպիտ» բարեգործական հիմնադրամը տվել է իր առաքելության մեկնարկը: Արցախում անապահով բազմազավակ ընտանիքները և Շուշիի նախադպրոցական խմբակի աշակերտները հիմնադրամի կողմից աջակցություն ստացան:
Բազմազավակ ընտանիքներ կատարած այցելությունները հիմնադրամի նախագահներ Արմենուհի-Արիանա Հովսեփյանն ու Ալբերտ Հարությունյանն սկսեցին Շուշիից: Հիմնադրամի անդամներն ընտանիքներին այցելելուց առաջ նախ եղան Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի մոտ: Զրուցակիցները խոսեցին Շուշիի խնդիրներից ու անդրադարձան նաև հիմնադրամի ծրագրերին:
Քաղաքապետը խոստովանեց, որ Շուշին շատ խնդիրներ ունի, սակայն փորձում են թեթևացնել քաղաքացիները հոգսը: Նա նկատեց, որ շատ շուտով շահագործման կհանձնվի կայան, որի օգնությամբ ջուրը բնակիչներին հասնելուց առաջ կմաքրվի:
Ի դեպ, այս պահին ջուրը Շուշիի բնակիչների համար ամենախնդրահարույց հարցերից է, քանի որ այն բավականին պղտոր է և խմելու համար ոչ պիտանի:
«Աստծո կամոք կաշխատենք՝ հանուն մեր ժողովրդի: Երբ ես քաղաքապետ դարձա, ես դրան որպես պաշտոն չընդունեցի, այլ որպես մարդկանց ինչ-որ ձևով օգնելու հնարավորություն»,- ասաց Արծվիկ Սարգսյանը:
Այս համատեքստում էլ նա ողջունեց անապահով ընտանիքներին ու հատկապես երեխաներին աջակցելու այս ծրագիրը: Նա նշեց, որ ծրագրի արդյունավետության համար պատրաստ է, իր հնարավարության սահմանում, աջակցել հիմնադրամի հիմնադիրներին:
Քաղաքապետի հետ հանդիպումից հետո, «Պարգևիր ժպիտ» բարեգործական հիմնադրամի թիմն այցելեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, որտեղ մասնակցեց պատարագի արարողությանն ու մոմեր վառեցին՝ հանուն խաղաղության: