Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. ահազանգ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ԱԻՆ Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել է, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված և պայթելու է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ: Ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև սակրավորներ և կինոլոգներ:
Քանի որ ահազանգողը չի հայտնել, թե որ օդանավակայանում է ռումբը դրված, մի խումբ ոստիկաններ, փրկարարներ և մյուս իրավասու կառույցների ծառայողներ ստուգում են կատարում նաև «Էրեբունի» օդանավակայանում:
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: