ՀԱՕԿ-ի աջակցությամբ ՀՖԿՍՊԻ-ն ունի հատուկ լսարան հաշմանդամների համար
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ ներառական լսարանի բացումը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար:
Այս լսարանն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանյան բուհերում: Այստեղ հարմարեցված է ամեն ինչ՝ թեքահարթակներից մինչև սանհանգույց: Լսարանն անվանակոչվել է Հայաստանում բազկամարտ մարզաձևի հիմնադիր, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի անունով: Բուհի կողմից սա ևս մեկ քայլ է՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը հասարակություն:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը, բուհի ռեկտորի ԺՊ Դավիթ Խիթարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Մանե Մուրադյանը և Աշոտ Սարգսյանի դուստրը:
«Բոլորին հայտնի են պարոն Գագիկ Ծառուկյանի մարդասիրական ու բարեգործական բազմաթիվ ծրագրերը, որոնց մեջ ընդգրկված է նաեւ հատուկ կարիքներ ունեցող անձանց ոլորտը: Այս նախաձեռնությամբ մենք ցանկացանք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձինք, տվյալ դեպքում ուսանող-մարզիկները, ավելի լիարժեք ներգրավվեն ակտիվ հասարակական կյանք, առանց ավելորդ բարդությունների ուսանեն, ընտրեն մասնագիտություն: Իսկ հատուկ լսարանը, միջազգային չափորոշիչներին համապատասխանող թեքահարթակները, սանհանգույցը, բոլոր պայմաններն առաջինը սպորտի մայր բուհում ստեղծեցինք, որովհետեւ վերջին շրջանում նաեւ մեր պարալիմպիկ մարզիկները բավականին լուրջ արդյունքներ են ցույց տալիս եւ օլիմպիական այս տարում դեռ բավականին անելիք ունեն»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀԱՕԿ-ի նախագահի օգնական Մանե Մուրադյանը։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ազատ տեղաշարժը ապահովելու համար լսարանը կահավորվել է հատուկ ձևով, տեղադրվել են անվասայլակներին համապատասխան սեղաններ: Բացի այդ,ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ ինստիտուտում կառուցվել են նոր թեքահարթակներ ու հարմարեցված սանհանգույց: «Լսարանն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանի բուհերում»,- ասել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը: