Ինչո՞ւ է Արմեն Գևորգյանը ստացել ազատ տեղաշարժի իրավունք
ՀՀ վերաքննիչ դատարանը փետրվարի 18-ին բավարարել է 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը՝ վերացնելով նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը։ Գրում է 1in.am-ը:
Արդյոք դա հնարավորություն չի՞ ընձեռի Արմեն Գևորգյանին լքել երկիրը, ինչպես եղավ տարբեր քրեական գործերով ներգրավված այլ մեղադրյալների դեպքում։
Փաստաբան Կարապետ Բադալյանը կարծում է, որ օրենսգրքերն ու պրոցեսներն այնպիսին են, որ դատարանն անում է առավելագույնը արդյունավետ քննություն իրականացնելու համար։
«Դատախազությունն, ամենայն հավանականությամբ, կբողոքարկի, բայց եթե Արմեն Գևորգյանը քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով հեռանա Հայաստանից, ի՞նչ կարող եմ ասել։ Ինքը ստացել է ազատ տեղաշարժի իրավունք։ Միգուցե կողքից նայելով՝ այդ ամենն արդարացված չէ, հիմնավորված չէ, բայց մենք ունենք երեք ատյանի դատարաններ, որոնց որոշումները վերանայվում են։
Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում։ Դատական համակարգի նկատմամբ վստահություն չկա, բարեփոխումներ չեն արվել, այդ իսկ պատճառով էլ շատերը մտածում են, որ այդ որոշումներով հնարավորություն են տալիս, որ մեղադրյալները գնան արտերկիր ու չվերադառնան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կարապետ Բադալյանը։
Փաստաբանն ասաց, որ շուտով ընդունվելու է բարեվարքության ստուգման օրենքների փաթեթն է ընդունվելու, և երբ իրականացվի վեթինգը, դատական համակարգն էլ այլ կերպ կգործի, վերաբերմունքն էլ կփոխվի ամեն ինչի հանդեպ։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով հարցաքննության ժամանակ Արմեն Գևորգյանը քննիչի հարցին ի պատասխան, նշել էր, որ ինքը 2008թ․ փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի հետ միասին Մոսկվայից վերադարձել է Երևան և նրա հանձնարականով կազմակերպել երեք խորհրդակցություն։