Ինչու պետք է Անդրանիկը հեռանա
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը մշտապես դեմքին լուրջ արտահայտություն տալով բարձրագոչ արտահայտություններ է անում բանակ մասին, պարզվում է նույն դեմքի արտահայտությամբ սակայն բանակի դերի և նշանակության մասին չի խոսել սեփական որդու հետ: Պարզվում է, որ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի որդին բանակից կազատվի այնպես, ինչպես ազատվում էին Սերժի ժամանակներում օլիգարխների որդիներն ու հարազատները:
Պարզվում է, որ սահմանամերձ գյուղում ծվարած 18 տարին լրացած երիտասարդը, որին բախտ չի վիճակվել ունենալ Քոչարյանի հմտություններին տիրապետող ծնող, պետք է գնա գյուլի բերան, հետո, քանի որ իշխանությունը սահմանամերձ գյուղում աշխատատեղ չի կարողանում ստեղծել, պետք է գնա ու 150 հազար դրամով պայմանագրային զինծառայող աշխատի, որ Անդրանիկ Քոչարյանի որդին ատենախոսություն պաշտպանի, որը թե քանի տոկոսի արժեք կունենա այս պետության համար, ցույց կտա ժամանակը: Անդրանիկ Քոչարյանը նվազագույնը, ինչը կարող էր անել, որդուն բանակ ուղարկելու սեփական օրինակով պետք է ապացուցեր, որ արժանի է Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին: Քոչարյանը նշված օրինակով պետք է ապացուցեր, որ արժանի է, որ այդ հանձնաժողովում հարցեր տա բանակին իրենց կյանքը նվիրաբերած գեներալներին ու սպաներին:
Քոչարյանը նվազագույնը բարոյականության դաշտում պետք է գիտակցեր իր քաշի ու կշռի անհամատեղելիությունը այդ պաշտոնում ու պետք է ունենար ազնվություն հրաժարվելու իրեն բախտի բերմամբ բաժին հասած պաշտոնից, բայց ոչ, Քոչարյան Անդրանիկը բանակի մասին շարունակում է խոսել սեփական որդուն դրան մաս չդարձնելով, նա ներշնչել է իրեն, որ գործից առավել է դատարկ խոսքը, նա ներշնչել է իրեն, որ սահման կպահի ուրիշը, բայց ոչ իր որդին, որովհետև դա ճիշտ է, դա բարոյական է, դա ազնիվ է, դա հայրենանվեր է, և ի վերջո, դա է պահանջում Նոր Հայաստանն ու բանակի երես չտեսած այդ Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարը:
NewsPress.am