Մահացել է Երվանդ Մանարյանը
Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թ. օգոստոսի 10-ին Արաքում։ 1946թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ 1957-1959թթ. եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988թ.-ից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961թթ. որպես գեղարվեստական ղեկավար աշխատել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիեւի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիրգեղարվեստական ղեկավար։
Աշխատել է Երեւանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում եւ «Երեւան» կինոմիավորումում։ Եղել է Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Նկարահանել է վավերագրական եւ գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» եւ այլն։ Անվանի դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Երվանդ Մանարյանը գրել է բազմաթիվ սցենարներ՝ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» եւ այլ ֆիլմերի համար, ինչպես նաեւ հրատարակել է մի շարք պատմվածքներ եւ հոդվածներ:
2005թ. Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը, 2018թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
2019_ին Երեւանի ավագանու նիստում, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին շնորհվեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: