«Ինչ որոշում կընդունի մեր ղեկավարությունը՝ պարտավոր ենք կատարել»․ բանակում կադրային փոփոխություններ կլինեն․ ԳՇ պետ (տեսանյութ)
Արցախի ՊԲ-ում պաշտոնանկություններն ու նշանակումներն Արցախի նախագահի և պաշտպանության նախարարի խնդիրն է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ փակ հանդիպումից հետո։
Միևնույն ժամանակ, ԳՇ պետը նշեց, որ բանակում կադրային փոփոխություններ կլինեն, որոնց մասին պաշտոնապես հրամանագրեր կլինեն:
Ինչ վերաբերում է Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի և Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հրաժարականին, ապա Արտակ Դավթյանն ասաց․ «Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի հրաժարականը մեր իրավասության խնդիրը չէ։ Ընդհանրապես, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա վարչապետի իրավասության տակ է և կարգավորվում է ՀՀ նախագահի հրամանագրերով: Ինչ որոշում կընդունի մեր ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել»: