Ծառուկյանը պատասխանել է Փաշինյանի հետ «քաղաքական առևտրի» մեջ մտնելու մեղադրանքներին
Երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ չենք հանդիպել: Բոլոր այդ խոսողները դատարկ են խոսում, այդպիսի բան չի կարող լինել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ու համանուն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ Ծառուկյանը մտել է «քաղաքական առևտրի» մեջ:
Հարցին, թե արդյոք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջոցով սահմանադրական հանրաքվեի հարցը քննարկե՞լ է Փաշինյանի հետ, Ծառուկյանը պատասխանեց. «Այսինքն՝ միջնորդը Սասուն Միքայելյա՞նն է: Այսինքն՝ Ծառուկյանն էդքան փոքրացե՞լ ա, կարիք ունեմ միջնորդությունների՞: Ծառուկյանը կյանքում միջնորդությունների կարիք չունի: Եթե հանդիպած լինեմ, կասեմ՝ հանդիպել եմ, եթե քննարկելու լինեմ, կասեմ՝ քննարկել եմ: Ծառուկյանն էն աստիճանի ա հասե՞լ, որ տակից-վրից խաղեր տալու այդ ճանապարհները վաղուց անցել ենք»:
Նա հավելեց, որ սահմանադրական հանրաքեի մասին դիրքորոշում կհայտնեն վաղը: Ծառուկյանը կրկնեց, որ իրենք ասել են՝ հանրաքվեի գաղափարին կողմ են, սակայն ոչ թե հանրաքվեն արվի մեկ դատավորին հեռացնելու համար:
«Եթե դու ամբողջ ազգին հանում ես ոտքի, այդքան ծախսեր ես կատարում, ուրեմն լուրջ խնդիրներ կան: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք 24 ժամյա աշխատանքով, հանդիպենք, քննարկենք, լուծենք, որ մի օգուտ տանք: Ասեցինք՝ սպասում ենք արձագանքի, մեզ արձագանք չտվեցին, մենք էլ ասեցինք՝ եթե արձագանք չեք տալիս, ոչ դեմ ենք քվեարկում, ոչ կողմ ենք քվեարկում: Էդ մեղադրողին բերեք առերես դեմս՝ էդ «մուտիլովչիկներին», սադրողներին, որ ուզում են սարքել: Դա վաղուց մենք գիտենք: Մենք գիտենք՝ վաղը ինչ ա լինելու, 20 օր հետո ինչ ա լինելու: Որ իրենք շարժվում են գրքով, ես շարժվում եմ պրակտիկորեն: Այնպես որ՝ կարևորը, եթե մարդը փորձառու է, իրեն չեն կարող սադրանքների մեջ գցել, սարքել, էդ դպրոցները վաղուց մենք անցել ենք»: