Ոչ, պարոն Փաշինյան, եթե հրամանատարը լինի հրամանատար, ղեկավարությունը՝ ղեկավարություն, բանակը «բարդակ» չի լինի․ մահացած զինվորների ծնողներ (վիդեո)
Մտեք ցանկացած զոհված զինվորի տուն ու տեսեք, թե որտեղից են դուրս եկել էդ երեխեքը ու ինչ ընտանիքների երեխաների գլուխ են կերել։ NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց խաղաղ պայմաններում զոհված զինվոր Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին արված այն հայտարարությանը, թե քաղաքացիական կյանքի քրեական մշակույթը նորակոչիկներն իրենց հետ բերում են բանակ, ինչի հետևանքով էլ այդքան շատ սպանություններ են լինում։
«Ո՛չ, պարոն Փաշինյան, ամեն ինչ տեղի է ունենում օֆիցերների (սպաների-հեղ․) գլխավորությամբ։ Կոնկրետ իմ երեխու սպանության օրը, իմ տղան օֆիցերի հետ մեծ կռիվ ա եղել, ինքն ա իմ տղու գլուխը կերել ու էն մյուս զինվորներին ասել, որ տանեն կախեն իմ տղուն, այ էդպես է բանակում տեղի ունենում սպանությունը»,- ասաց նա։
Զոհված զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրն էլ՝ Գոհար Սարգսյանը, նկատեց, որ այսօր չկա մի հրամանատար, ում պատժած լինեն զինվորի մահվան համար։
«Թող ցույց տան ինձ մի այդպիսի զորամաս․ բարձիթողի վիճակի համար ոչ մի հրամանատար պատասխանատվության չի ենթարկվել»,- ասաց տիկին Գոհարը և նկատեց, որ պատասխանատվության ենթարկելու փոխարեն, սպանության գործերով անցած հրամանատարները բարձր պաշտոն են ստացել։
Ծնողներից մեկն էլ նշեց, որ զինվորի սպանությունն անպատժելի է․
«Զինվորը գնում ա, որպես մսացու, մատաղացու․․․ ո՞ւմ ա պետք էսպիսի բանակ, որտեղ զինվորն անհայտ պատճառներով մահանում ա»,- ասաց նա։
Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյաննն էլ նկատեց․ «Ոչ, պարոն Փաշինյան, եթե հրամանատարը լինի հրամանատար, ղեկավարությունը՝ ղեկավարություն, բանակը «բարդակ» չի լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում