Ինչպես են ոստիկանները գաղտնի հետևում Հայրապետյանին՝ բերման ենթարկելու համար (լուսանկարներ)
NEWSPRESS.am—ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է իրավապահներին «զբաղվել» ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայարապետյանի հարցով։ Մասնավորապես, մեր աղբյուրի համաձայն, հրահանգվել է անել ամեն ինչ, որպեսզի հիմնավոր ապացույցներ լինեն Հայրապետյանին բերման ենթարկելու և նույնիսկ կալանավորելու համար։
Մեզ հաջողվել է լուսանկարել ոստիկանության մեքենաները, որոնք արդեն մի քանի օր է, ինչ շրջում են Հայրապետյանի տան մոտ՝ «հսկելով» նրա առանձնատունը։
Բնական է, որ ոստիկանները չեն եկել պարզապես ապահովելու Ռուբեն Հայրապետյանի ու նրա ընտանիքի անվտանգությունը, ուստի չի բացառվում, որ իրավապահները կատարում են վարչապետի հրահանգը՝ փորձելով անակնկալի բերել Հայրապետյանին։
Մեզ հասած տեղեկություններով՝ հրահանգված է անգամ զենք կամ թմրանյութ «գցել» նրա ավտոմեքենայի մեջ, ու դա է պատճառը, որ իրավապահները շարունակում են հսկողությունը՝ սպասելով հարմար պահի՝ Հայրապետյանին բերման ենթարկելու համար։
Չի բացառվում նաև, որ Փաշինյանը Հայրապետյանին ուզում է «ասֆալտին փռել», «պատին ծեփել» կամ պարզապես կալանավորել ոչ թե նրա համար, որ Հայրապետյանը անցյալի «շնաբարո դուրսպրծուկ» է, ինչպես Նիկոլն է ասում, այլ պարզապես Փաշինյանը նեղացած ու վրդովված է, քանի որ Հայրապետյանը խոստացել էր «ասֆալտին փռել ու ոտքերը մաքրել» իրեն անարդար բերման ենթարկողների վրա։ Ավելին՝ Հայրապետյանը նշել էր իր խոսքերի կոնկրետ հասցեատիրոջը՝ Փաշինյանին, ինչը վերջինս չի մարսել։ Ու հիմա, նեղացած երեխայի նման, որոշել է հաշվեհարդար տեսնել Հայրապետյանից։
Պարզ չէ, թե որքան դեռ այս մեքենաները կշրջեն Հայրապետյանի առանձնատան շրջակայքում, ու կհաջողվի՞ արդյոք նրանց իրականացնել Նիկոլի հրահանգը, ակնհայտ է, որ եթե այդ հրահանգը Փաշինյանն է տվել, ապա երկրի վարչապետի մակարդակով, տեղի է ունենում ինքնադատաստան՝ շրջանցելով օրենքը, կամ որ ավելի վատ է՝ օրենքը ենթարկելով երկրի ղեկավարին ու թողնելով նրա հայեցողությանը, ով այս կերպ, փաստորեն, չարաշահում է իր դիրքը։
Հ․Գ․ Ի դեպ, օրենքի չարաշահումը կոռուպցիոն երևույթ է համարվում։