«Ժողովրդի խաթր» մեկ շաբաթ գործադուլ չեն անի. երթուղայինների վարորդներն ու քաղաքապետարանը պայմանավորվել են
Այսօր, փետրվարի 10-ի վաղ առավոտից, որոշ երթուղիների վարորդներ դուրս չեն եկել աշխատանքի: Նրանք գործադուլ են արել և պահանջել վերանայել հարկերը, քանի որ աշխատում են առանց եկամտի:
«Գազը վերջին մեկ ամսում 200, 300, 400 դրամով բարձրացել է: Մեկ զապրավկան հասել է 10 հազար դրամի, ամիսներ առաջ 7000 դրամ էր: Կառավարության որոշմամբ միջին աշխատավարձը բարձրացվել է: Հիմա բարձրանում են պլանը, որ միջին աշխավարձը բարձրացնեն: Ընդհանուր գումարը օրական կազմում է 27 հազար 700 դրամ, որը գազելով անհնարին է 5 ռեյսով»,- լրագրողներին ասաց վարորդներից մեկը:
Վարորդների հետ հանդիպել են քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր խոստացել են վերանայել հարցը: Վարորդներն էլ լրագրողների հետ զրւոյցում նշեցին, որ մեկ շաբաթ ժամանակ են տալիս.
«Ժողովրդի խաթր մեկ շաբաթ գործադուլ չեն անի»,-ասացին նանք:
Երևանի քաղաքապետարանն էլ ավելի ուշ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր.
«Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34, 44 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է»: